«Խոր և գերբնական շերտեր կան այնտեղ»
											 
													25.11.2019 | 22:24
						Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում  տեղի ունեցավ ամերիկացի հանրահայտ գրող Սթիվեն Քինգի «Փայլատակում» գրքի շնորհանդեսը: 
 
Գրականագետ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խոսքով` «Փայլատակումը» առնչություն ունի Ջոն Լենոնի հանրահայտ երգերից մեկի հետ. Սթիվեն Քինգը  ներշնչվել է  Ջոն Լենոնի  երգի մի տողից, որտեղ նա երգում է այն մասին, որ մարդիկ  փայլատակումներ են ունենում. «Սթիվեն Քինգն առաջին անգամ է ներկայացվում հայ ընթերցողին, և այնպես ստացվեց, որ «Զանգակ»  հրատարակչությունը այս տարի միաժամանակ  երկու գիրք հրատարակեց`«Մարտակումբը» և Սթիվեն Քինգի «Փայլատակումը»: Երկու դեպքում էլ փորձեց  հայ գրական դաշտում որոշ փոփոխությունների  առիթ դառնալ, քանի որ այս ժանրով մեզանում ստեղծագործություններ չեն գրվում և չեն էլ թարգմանվում: Սարսափի ժանրը մենք գիտենք հիմնականում ֆիլմերից: Անցյալ շաբաթ «Մարտակումբը» վեպի շնորհանդեսին հենց այդ հարցի վրա կանգ առանք, թե արդյո՞ք հայերեն պատրաստ ենք այս ժանրի գրքեր թարգմանելու, իհարկե, նաև հրատարակելու: Ես` որպես գրական դաշտի ներկայացուցիչ, գրականագետ, դասախոս, գիտեմ՝ որքան սահմանափակ  են մեր և մեր  ուսանողների պատկերացումները գրականության մասին, մտածում ենք, որ վեպերը անպայման պետք է լինեն  պատմական, հայրենասիրական, սիրո, բնության մասին: Կարծում  ենք, որ սարսափի ժանրի վեպում անպայման պետք է զոմբիներ, վամպիրներ  վազեն այս ու այն կողմ: Շատ տհաճ է դա ընթերցելը, բայց երբ իսկապես ծանոթանում ես, հասկանում ես, թե որքան խոր և գերբնական շերտեր կան այնտեղ և հատկապես այս ստեղծագործության մեջ»:
 
Կինոգետ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասաց, որ երբ 2014-2015 թթ.  ցանկեր էին  կազմում և ընտրում   վեպեր, իրենց համար շատ կարևոր էր, որ բազմաժանրությունը պահպանվի. «Պետք է այնպիսի վեպեր թարգմանվեն, որ ոչ միայն հետաքրքիր, այլև  իրենց բովանդակությամբ բազմաշերտ լինեն: Սթիվեն Քինգը այն գրողներից է, որը տարին մեկ անգամ վեպ է գրում, և այն սովորաբար դառնում է բեսթսելլեր, ինչպես նաև էկրանավորվում է: Սթիվեն Քինգը, չնայած այն   փաստին, որ սարսափի ժանրի գրող է, չի մոռանում անդրադառնալ սոցիալական մի շարք խնդիրների, ինչպիսիք են` ընտանեկան հարաբերություններ, կին-տղամարդ, աղքատ մարդ, միջին վիճակագրական  մարդ, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ տառապող մարդիկ, բանտարկված մարդիկ, և այդ բոլորը  միահյուսված են սարսափի թելերով: Հատկանշական  է, որ ոչ թե գործ ունենք հորինված սարսափի հետ, այլ իրականում գոյություն ունեցող վախերի, սարսափների հետ»:
 
Գրքի նկարազարդման հեղինակ  ԶԱՔ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ պատմեց, որ Ջեք Թորենսին չի տվել մարդու կերպար, ստվերի պես է նկարել, և այդ հերոսը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: 
Կարեն Ավետիսյանն  ավելացրեց, որ գիրքը էկրանավորղ ռեժիսորը՝ Սթենլի Կուբրիկը, երբ կարդացել է վեպը, զանգահարել է  Քինգին և ասել, որ գրքում  գերբնական ուժեր կան. նշանակում է, որ այս կյանքը վերջը չէ, մենք փոխադրվելու ենք ինչ-որ ուրիշ տեղ: Քինգը պատասխանել  է,  թե գուցե մտածել ես՝ դա  դժո՞խքն է:
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ